Հայրենագիտություն Սյունիքի Մարզ մարզկենտրոն

Սյունիքի Մարզ

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   164,000
Բնակչության խտությունը`   36.4/կմ²
Փոստային ինդեքսը`   3201-3519
ISO 3166-2`   AM-SU
FIPS 10-4`   AM08

 

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:
Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:
Բնական պայմանները և հարստությունները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:
Բնակչությունը
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:
Քաղաքները
Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը`   71%: Դրան համապատասխան էլ համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):
Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:
Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:
Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:
* * *
Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:
Մշակած

Leave a comment